Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ լեզվով է խոսում Ադրբեջանի դիվանագիտությունը

Ի՞նչ լեզվով է խոսում Ադրբեջանի դիվանագիտությունը
24.07.2017 | 09:38

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նորից զարմացրեց: Օրերս նա հայտարարեց. «Չնայած հայկական լոբբիի լուրջ ջանքերին, վերջին տարիներին լուրջ ճեղքում է եղել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի իրականությունը միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ»: Նա հատուկ ընդգծել է, որ «միջազգային մակարդակով հասարակական կարծիքում բեկում է եղել ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում»: Իսկ «միջազգային մակարդակով հասարակական կարծիքը» ո՞վ կամ ի՞նչ է: Ադրբեջանցի քաղաքական գործիչները և դիվանագետները քաղաքական բառապաշարը ինքնատիպ օգտագործումով առաջացնում են ոչ միայն լինգվոդիդակտիկայի խնդիրներ, այլև հարուցում են կազուսներ միջազգային հարաբերություններում՝ «հասարակական կարծիքը» միջազգային ասպարեզում չունի գիտական վերլուծություն ու ներկայացված է հիմնականում գիտական պարբերականներում ու տարտղնված բնույթ ունի:

«Համաշխարհային հասարակական կարծիքը» կարագի պես չես քսի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացին և Բաքուն հազիվ թե կարող է այդ «կարծիքն» իրեն դաշնակից դարձնել: Ցանկալին իրականի տեղ մատուցելու ցանկություն չէ՞: Իսկ ո՞րն է իրականը:
Օրերս EurActiv-ը տպագրեց Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Գյուլշան Փաշաևայի հոդվածը: Նա մեղադրում է Եվրամիությանը, որ ԵՄ մասնակցությունը «կոնֆլիկտի կարգավորման մեջ սահմանափակված է և համաձայնեցվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերի հետ, որ աջակցում են տարբեր նախաձեռնությունների Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում խաղաղության հաստատման համար»: Սակայն «ԵՄ-ի համար եկել է ավելի վճռական ու արդարացի դեր խաղալու ժամանակը այդ կոնֆլիկտի կարգավորման մեջ», «առավել վճռական դիրքորոշում ունենալու՝ ներառյալ քաղաքական ու դիվանագիտական ճնշումը»: ՈՒ՝ ի՞նչ:


Հիմա Բաքուն Բրյուսելի հետ բանակցում է համագործակցության նոր համաձայնագրի շուրջ: Ադրբեջանական ԶԼՄ-ները հիացմունքով նկարագրում են «շփման բազում կետերի ի հայտ գալը, որոնցով շատ շուտով հնարավոր է անցկացնել արգասաբեր համագործակցության գիծը»: Բայց և հաստատվում է, որ «ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի գլխավոր կետերից մեկը Բաքվի համար ԵՄ-ի հստակ դիրքորոշումն է հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում»: Իլհամ Ալիևը Անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի «Եվրասիայի թաքնված պրոբլեմները» կլոր սեղանի ժամանակ ասել է. «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի միջուկը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որի համանախագահներն են ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Ֆրանսիան: Մենք չենք սպասում ԵՄ-ի անմիջական մասնակցությունը բանակցային գործընթացին, թեպետ Եվրոպական հանձնաժողովը նշանակել է Կովկասի հարցով հատուկ ներկայացուցչի, որ զբաղվում է կոնֆլիկտների կարգավորմամբ: ԵՄ-ից ու բոլոր երկրներից մենք սպասում ենք աջակցություն հետխորհրդային տարածքում բոլոր կոնֆլիկտներին միակ ստանդարտ մոտեցմանը: Գլխավոր պատճառը, որ Ադրբեջանը չստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, բացի նրանից, որ մեր զգացողությամբ դա ոչ թե համաձայնագիր էր, այլ միակողմանի հրահանգներ մեզ, այն էր, որ նրանք չցանկացան հստակ դիրքորոշում արտահայտել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման հարցում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա»: Մինչև հիմա ադ ուղղությամբ փոփոխություններ չկան: Վերադառնանք ադրբեջանցի քաղաքական գործիչների բառապաշարին: Համեմատաբար վերջերս Բաքուն հայտարարում էր, որ Երևանի հետ փոխհարաբերություններում ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկած օրակարգի փոխարեն պետք է անցնել սուբստանտիվ բանակցությունների: Ի՞նչ է դա նշանակում: Բաքվեցի հայտնի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի մեկնաբանությամբ՝ «կոչ՝ անցնել բովանդակային բանակցությունների», այսինքն՝ սկզբի, անտեսելով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները՝ վստահության միջոցների, մոնիտորինգի, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների: Բայց դա Ադրբեջանի միակողմանի ցանկությունն է, ոչ ավելին: Եթե խոսենք սուբստանտիվ բանակցությունների մասին դիվանագիտական բառարանի լեզվով, դրանք բանակցություններ են՝ «անկախ արտաքին գործոններից», այսինքն՝ ուղիղ երկխոսություն Բաքվի ու Երևանի միջև, իսկ գուցե Բաքվի ու Ստեփանակերտի: Արդյունավետ քննարկման ելքով, երբ բոլոր մասնակիցները հանդես են գալիս ըստ հարցի էության՝ թեմայից չշեղվելով: Այդ առիթով Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկն առաջարկում է «բանակցային գործընթացը շրջել 1979-ի Քեմպ Դևիդյան համաձայնագրի ուղղությամբ», երբ Վաշինգտոնում Իսրայելի նախագահ Մենահիմ Բեգինը և Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը խաղաղության համաձայնագիր ստորագրեցին Իսրայելի ու Եգիպտոսի միջև: Դրան նախորդեց Սադաթի պատմական այցը Իսրայել, նրա ելույթը Երուսաղեմում՝ Կնեսետում, որով նա ճանաչեց հրեական պետության գոյության իրավունքը: Դրանով Եգիպտոսը՝ ամենամեծ ու ռազմական առումով ամենահզոր արաբական պետությունը, առաջինը խախտեց 1967-ին կնքված «երեք ոչ»-երի Խարտումի բանաձևը՝ ոչ Իսրայելի հետ խաղաղությանը, ոչ Իսրայելի ճանաչումին, ոչ Իսրայելի հետ բանակցություններին: Այդ աննախադեպ քայլը սկիզբ դրեց խաղաղության լուրջ գործընթացի: Պատրա՞ստ է նախագահ Իլհամ Ալիևը նման առաքելությամբ մեկնել Հայաստան կամ Լեռնային Ղարաբաղ: Առայժմ հազիվ թե:


Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալիևի հանդիպումից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները նորից խոսեցին երկու երկրների «ռազմավարական համագործակցության» մասին: Բայց դա ներկայացվում է այնպես, ասես խոսքը ոչ թե Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի մեծացման մասին է աշխարհում ընդհանրապես ու Անդրկովկասում մասնավորապես, այլ ընդամենը «արդյունք» է Ադրբեջանի «առավել նշանակալից գործոն դառնալու համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության մեջ»: Սակայն այսպես կոչված «ռազմավարական համագործակցությունը» ամբողջությամբ ուսումնասիրված չէ իբրև լիարժեք ձևաչափ և Բաքվի առնչությամբ Մոսկվայի կողմից օգտագործվում է իբրև բառակապակցություն: Չկա ոչինչ, որ դուրս գար սովորական երկկողմ հարաբերությունների շրջանակից:


Մոսկվան ու Բաքուն չունեն, համենայն դեպս հիմա, հստակ ձևակերպված և համաձայնեցված սկզբունքորեն կարևոր, երկարաժամկետ, մասշտաբային նպատակներ: Այդ պատճառով Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները ռազմավարական անվանելը Բաքվի կողմից վարձավճարված բնույթ ունի: Ադրբեջանցի քաղաքական գործիչների օգտագործած քաղաքական ու դիվանագիտական բառապաշարի անգամ ամենամակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ բառապաշարն ողղված է ներքին, այլ ոչ արտաքին օգտագործման և տարուբերվում է՝ կախված կոնկրետ իրավիճակից, երբ նպատակ է դրվում լղոզել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացի գլխավոր էությունը: Իսկ դա տագնապալից է:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Ոչ միայն դա է տագնապալից, այլև Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի մեծացումն աշխարհում ընդհանրապես ու Անդրկովկասում մասնավորապես: Ոչ ոք չի կարող ասել՝ հստակ ձևակերպված ու սկզբունքորեն համաձայնեցված ի՞նչ նպատակներ կարող է Կրեմլը ունենալ: Առավել ևս՝ չձևակերպված ու չհամաձայնեցված:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ